Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչու՞ ենք հունվարի մեկը որպես արարչագործության առաջին օր տեսնում

Ինչու՞  ենք հունվարի մեկը որպես արարչագործության առաջին օր տեսնում
13.12.2024 | 17:39

Հունվարի մեկը այն օրն է, երբ Աստված ասաց.

-Թող լինի լույս: Եվ լույսը եղավ:

Իսկ թե ինչու ենք հունվարի մեկը որպես արարչագործության առաջին օր տեսնում, այդ ելնում ենք սկսած Աստծո Որդի Քրիստոսի Ծննդյան օրվա հենարանից: Առաքյալները Ղուկաս Ավետարանչի «Առաքելական կանոններում» վկայում են, թե. «Քրիստոսի ծննդյան օրը հունվար ամսի վեցերորդ օրն է»:

Իսկ ինչպես Ծննդոց Գիրքն է վկայում. «Աստված առաջին մարդուն՝ Ադամին ստեղծեց արարչագործության շաբաթի վեցերորդ օրը»: Երկրորդ Ադամը, Նոր Մարդը՝ Հիսուս Քրիստոսը (արդեն անարատ և առանց մեղքի մարդը) ծնվեց Հունվար ամսի վեցին, այդպես իսկ հունվար ամսի առաջին յոթնօրյակը խորհրդանշանակ դարձնելով արարչագործության շաբաթի յոթնօրյակին ու Ադամի ծննդյան հետ: Եվ, ըստ այս խորհրդի, հունվարի մեկը համընկնում է արարչագործության առաջին օրվա խորհուրդի հետ, երբ Աստված ասաց.

ԹՈՂ ԼԻՆԻ ԼՈՒՅՍ: ԵՎ ԼՈՒՅՍԸ ԵՂԱՎ:

Այսինքն թե, հունվարի մեկը՝ երկրի վրա ճառագած Աստծո Բանական Լույսի Տոնն է: Բանական Լույս, որ եղավ դեռ արեգակը ստեղծելուց առաջ, քանի որ Բանական այդ Լույսի միջոցով ստեղծվեց և մարմնավոր արեգակը, որ տեսնում ենք:

Հոգևոր, նախախնամական մեծ տոն է հունվարի մեկը: Եվ ամենևին պատահական չէ, երբ Նոր Տարվա սեմին, ասես, երկնային մի հզոր մագնիս է սկսում ներգործել ողջ ժողովրդի վրա, և մարդիկ այս ամենը ենթագիտակցորեն իմանալով, ամենքն էլ սկսում են ջերմեռանդորեն նախապատրաստվել, որ մասնակից դառնան Լույսի ուրախության տոնին, որով եղավ կյանքի սկիզբը և կյանքը երկրի վրա: Եվ այդ զորությամբ շտապում են միմյանց հետ հաշտվել, թշնամությունները դադարեցնել, միմյանց բարին կամենալ, ի սրտե հյուրասիրել, աղոթել միմյանց համար:

Սակայն, ճանաչողական գիտելիքներով արդեն իմանալով, որ ամանորը բանական Լույսի տոնն է, հոգեղենների տոն, նախախնամական կենդանարարության հիշատակումի օր, առավել ևս իմաստային և աստվածաշնչյան պիտի սկսենք այդ օրը տոնել՝ առավել իմաստալից պահեցողություններով և աղոթքներով, շնորհալի գործերով, շնորհալի երգերով, սաղմոսներով ու շարականներով անցկացնելով և այդ նշանակալից օրը և նախածննդյան մյուս օրերը, ինչպես որ եկեղեցական կարգն է սահմանել:

Քանի որ Լույսը Աստծո Բանով, Խոսքով եղավ, որ է՝ Քրիստոս:

«Սկզբից էր Բանը, և Բանը Աստծու մոտ էր, և Բանը Աստված էր: Նա սկզբից Աստծու մոտ էր: Ամեն ինչ նրանով եղավ. և առանց նրան չեղավ ոչինչ, որ եղել է: Կյանքը նրանով էր: Եվ այդ կյանքը մարդկանց համար լույս էր: Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց» (Ավետարան ըստ Հովհաննեսի 1:1-5):

ՈՒստի և, Քրիստոս հիմք ու Արմատ է այդ բոլոր ճշմարտությունները մեզ իմանալ-ճանաչելու, լուսավորվելու:

Եվ մեր ամենքի համար՝ այդ Վեմի վրա մնալն է ապահովություն:

«Եվ Բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ» (Ավետարան ըստ Հովհաննեսի 1:14):

Իսկ ինչ պատասխանենք նրանց, ովքեր անգիտությամբ ասում են, թե՝ միշտ չէ, որ Նոր տարին հունվարի մեկին ենք տոնել, ապա ասենք. ինչպես մարդկության հոգևոր պատմությունն է վկայում՝ Քրիստոսով են, որ ճշգրտվել ու առավել ևս են ճշգրտվում մարդկության ճանաչողական բոլոր գիտելիքները. «Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ» (Ավետարան ըստ Հովհաննեսի 1:9): Իսկ թե ոմանք էլ անգիտությամբ կամ ոմանք էլ գոռոզությամբ վերաբերվեն Նոր տարվան կամ սուրբ Ծննդյան Տոնին, ապա պատասխանենք, որ, ի վերջո, յուրաքանչյուր Նոր տարի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան տարելիցն է, ծննդյան տոնը:

Եթե 2024 թիվն է, ապա այդքան տարի առաջ ծնվեց աշխարհի և մեր հոգիների Փրկիչը: Եվ աշխարհը Աստծո զորությամբ է, որ կամա-ակամա ամեն տարի տոնում է աշխարհի Փրկչի Ծննդյան տարելիցը: Բնականաբար, ավելի լավ է այդ ամենը խոնարհ իմացությամբ, խոնարհ ճանաչողությամբ և հասկանալով անենք, քան ակամա: Օրհնյա՜լ է Աստված: Ամե՛ն:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Հ.Գ.

Սակայն բարի է մեզ համար իմանալ, որ Եկեղեցական առավել հետևողական կարգով պահեցողությունը՝ աղոթքներով հանդերձ՝ սուրբ Ծննդից հիսուն օր առաջ է սկսվում: Իմանանք նաև, որ հոգևոր ճանաչողության հետևորդներից կան, որ պահում են Սուրբ Ծննդին նախորդող 12 օրերը, ամեն օրը խորհրդաբանորեն եկող տարվա մեկ ամիսը դիտելով: Իսկ արդեն եկեղեցական սրբազան կարգ է, տաղավար տոներից մեկ շաբաթ առաջ ծոմի և պահեցողության մեջ մտնել` աղոթքներով և խնկարկություններով: Եվ նրանք, ովքեր սրբացնում են իրենց անձերը հանուն Աստծո, հայտնաբերում են իրենց մեջ հոգևոր բազմաթիվ ու բազմաշերտ գանձեր, դառնալով առավել իմաստուն և առավել բարի, Տիրոջ Հոգուց ստանալով ճանաչողության թաքնատես գիտելիքներ, այդպես առավել մերձենալով Քրիստոս Աստծո ճանաչողությանը::

Դիտվել է՝ 2985

Մեկնաբանություններ